Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Կորեայի դեսպան Լի Յու Հոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում Կորեայի պատվո հյուպատոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբրահամյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կորեայի դեսպանը վստահեցրել է, որ բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱԺ դահլիճի տեխնիկական վերազինմանը ցուցաբերած` կորեական կողմի աջակցությունը եւ հատկապես Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) ու GS ընկերության օժանդակությունը ՀՀ Ազգային ժողովին:
Կորեայի դեսպանը, ով մինչ այդ շրջել էր խորհրդարանի վերակառուցված դահլիճում, ՀՀ ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ շատ տպավորված է դահլիճից եւ ուրախ է Կորեայի կողմից ցուցաբերված աջակցության համար:
Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, ներդրումային ծրագրեր իրագործելուն` կարեւորելով կորեական ընկերությունների ներդրումները Հայաստանում:
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Կորեայի խորհրդարանի նախագահին ուղղված` Հայաստան այցելելու հրավերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ վերջերս Կորեայի Հանրապետության եւ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության միջեւ տեղի ունեցած դեպքերին: ԱԺ նախագահն անհանգստություն հայտնելով ուժի կիրառման առթիվ եւ անընդունելի համարելով այն, նշել է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով:





























