ՀՀՇ վարչությունը որոշում է կայացրել դիմել Եվրոպական Միության կառույցներին եւ Միացյալ Նահանգների կառավարությանը`վիզաներ չտրամադրել բոլոր այն մարդկանց, ովքեր մարտի 1-ի գործերով կեղծ ցուցմունքներ են տվել եւ կեղծ վճիռներ կայացրել: Դեկտեմբերի 10-ին,  Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ  Սարյանի արձանի մոտ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` հավելելով. «Եվ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն գործընթացը»:

Նա նշեց, որ իրենց նախաձեռնությանն արդեն միացել է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը: Նախաձեռնությունը բաց է եւ դրան կարող են միանալ բոլոր ցանկացողները:

«Մենք ստեղծել ենք հանձնաժողով, որը դիմելու է բոլոր հալածված մարդկանց, որոնք ունեն փաստեր, տվյալներ, նկարագրություններ եւ փաստաթղթեր հավաքելու համար: Այդ միջոցառումը մենք կապում ենք այսօրվա ` մարդու իրավունքների միջազգային օրվա հետ»,-նշեց Արամ Մանուկյանը: