ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը նորից հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով հազարավոր մարդկանց, մասնավորապես  ձգձգված հակամարտության պատճառով տուժածների շահերը:

Այս մասին Հայաստան կատարած այցի արդյունքերից հետո ասվում է ԵԱՀԿ  ԽՎ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Նշվում է, որ պաշտոնատար անձանցից բացի Վիգենինը հանդիպել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողների, ինչպես նաեւ Ղարաբաղի Թալիշ գյուղի մի քանի բնակիչների հետ:

Նշվում է, որ գյուղը 2016 թ. ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հարձակման է ենթարկվել եւ լուրջ վնասներ կրել:

«Այս շաբաթ հանդիպելով շփման գծի երկու կողմերի մարդկանց հետ, որոնք շարունակում են տառապել երկարատեւ հակամարտության պատճառով, ես կրկնում եմ, այն պետք է ավարտվի: Հակամարտությունը շարունակում է ազդել հարյուր հազարավոր մարդկանց առօրյա կյանքի վրա», - ասել է նա

Վիգենինը հաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ նրա  համանախագահներին՝ նշելով, որ կողմերի քաղաքական ղեկավարություններն են  պատասխանատվություն կրում: Նա նաեւ ողջունել է մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագրերը:

Հատուկ ներկայացուցիչը հոկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեում  տարածաշրջանային այցի մասին զեկույցով հանդես կգա եւ կներկայացնի տարածաշրջանում ապագա մասնակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկներ: