Ջավախքի Գումբուրդո գյուղ ժամանած Վրաստանի ՆԳ նախարար Գերոգի Մհեբրիշվիլիի հետ բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել ազատել հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ձերբակալված 2 անձանց։ Այս մասին հայտնել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը եւ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը, փոխանցում է Jnews-ը։

Նրանց խոսքով՝ խաչքարի տեղադրման հարցը կլուծեն հոգեւոր առաջնոդները։

Բանակցությունների ընթացքում տեղաբնակները պայմանավորվել են այն մասին, որ ձերբակալվածներին ազատ կարձակեն, հատուկ նշանակության ջոկատները կհեռանան, իսկ գյուղի բնակիչները կցրվեն տներով։ Դեպքի վայրում դեռեւս մնում են Ախալքալաքի ոստիկանները։

Բնակիչներն իրենց հերթին հայտարարել են,  որ տուն չեն գնա, մինչեւ ձերբակալվածները չվերադառնան։

Հիշեցնենք, որ Ջավախքում սեպտեմբերի 30-ին առավոտյան բախումներ են սկսվել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: Ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով դաժանաբար ծեծել տեղի հայ բնակիչներին: