Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչեւ դեկտեմբերի 20-ը ավարտել այս տարվա համար նախատեսված բարեկարգման բոլոր աշխատանքները: Այս մասին խորհրդակցությունից հետո հայտնել է Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը խոսել է ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին. «Հանձնարարական տրվեց տեխնիկան եւ մեքենա սարքավորումները բերել վերջնական պատրաստ վիճակի: Սահմանված է հսկողություն, որպեսզի բնակֆոնդը, մանկապարտեզներն ու դպրոցները պատրաստ լինեն ձմռանը եւ ձյան տեղումներին»,- նշել է Արայիկ Քոթանջյանը: Ըստ նրա, դեկտեմբերի կեսերին սպասվող տեղումներին մայրաքաղաքի վարչական շրջանները պատրաստ են . «Ունենք աղի եւ ավազի անհրաժեշտ պաշար, տեղումներն առատ լինելու դեպքում ըստ նախնական պայմանագրի` կարող ենք նոր քանակություն եւս ձեռք բերել»:
«Երքաղլույս» ընկերության տնօրեն Սամվել Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նախատոնական աշխատանքները դեռ շարունակվում են: Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ տոնածառերին հարակից հրապարակներն ու փողոցները պետք է ապահովված լինեն տոնական լուսավորությամբ: «Մայրաքաղաքի ամանորյա լուսավորությունը լինելու է ճոխ, աշխույժ եւ ուրախ, որը տարածված կլինի ոչ միայն կենտրոնում, այլեւ բոլոր 12 վարչական շրջաններում: Տոնական լուսավորության համար փողոցներում տեղադրվում են հատուկ այդ նպատակով Ֆրանսիայից եւ Հունաստանից ներկրված լուսատուներ»,- նշել է Սամվել Գաբրիելյանը:





























