Մոսկվայում ահաբեկչական կազմակերպությանն առնչություն ունենալու կասկածանքով  ձերբակալել են Ինգուշեթիայից ժամանած մի աղջկա: Ինչպես պարզել է GZT.RU-ն, ինգուշ աղջիկը որեւէ կապ չունի ահաբեկչության հետ, ուղղակի նրա մայրը չէր ցանկանում դստերն ամուսնացնել Մոսկվայի մարոկկացի բնակչի հետ, դրա համար էլ ոստիկանությունը հայտնել է, թե իր դուստրը իրեն ասել է, թե մտադիր է Մոսկվայում ահաբեկչություն իրականացնել:

Պետք է նշել, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ու ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները չեն հաստատում սիրային պատմության պատճառով «ահաբեկչական խառնաշփոթի» մասին տեղեկությունը, սակայն նաեւ չեն հերքում այն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2 օր առաջ Ինգուշեթիայի իրավապահ մարմիններից Մոսկվայի իրենց գործընկերներին տեղեկություն է ստացվել, որ Ինգուշեթիայի 22-ամյա մի բնակչուհի՝ Կարաբուլաղ գյուղից, հնարավոր է առնչություն ունի վահաբիստների եւ ընդհատակյա ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Երիտասարդ աղջկա ինքնությունը պարզվել է դեկտեմբերի 9-ին: Նա, ըստ վարկածներից մեկի, իբր զանգել է տուն եւ հայտնել, որ մտադիր է ներգրավվել  վահաբիստական խմբավորումներից մեկի մեջ եւ դառնալ ահաբեկիչ: