Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին, որտեղ քննարկվել են տնտեսական եւ հումանիտար ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը, անվտանգության մակարդակի առավել բարձրացմանը, մի շարք ուղղություններով համագործակցությանն ու համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՊՀ-ում նախագահությունը 2011թ. ստանձնել է Տաջիկստանը: Որոշվել է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2011թ. Սեպտեմբերին՝ Դուշանբեում, իսկ ոչ պաշտոնական գագաթնաժողովը` հաջորդ տարեվերջին Մոսկվայում:

Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: