Մեղավորները պետք է պատժվեն խստագույնս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով  Կարմիր գրքում գրանցված անգղերի որսին:

«Ոչ միայն դատապարտելի է, պետք է խստագույնս պատժի ենթարկվեն անձինք, որոնք կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում, սա իսկապես վայրագություն է, իսկ հրապարակել գործողությունների հրապարակումը  կրկնակի դատապարտելի պետք է լինի»,- հայտարարեց նա:

Մինասյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունը հրապարակել է գործողությունների վերաբերյալ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: «Երեկ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ եւ նաեւ տեսչական մարմնի ներգրավմամբ ձեռնարկվել են գործողություններ եւ որ ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռ 2013 թվականից»,- հայտնեց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, սա հանցագործություն է եւ նյութերի հավաքագրումից հետո քրեական գործը կգնա եւ մեղավորները արժանի պատիժ կկրեն:

Նախարարը ասաց, որ այս պահին այլ խնդիր ունեն: «Պետք է ուժեղացնենք քրեական պատասխանատվությամբ պաշտպանության համակարգը, որովհետեւ այսօրվա գործող օրենսդրությունը իմ գնահատմամբ բավականին մեղմ է նման հանցագործությունների համար, եւ առհասարակ որսի կանոնների փոփոխութոյւններ ենք մտադիր իրականացնել»,- հայտնեց նա:

Մինասյանը նաեւ ասաց, որ հայտնի չէ, թե որ տարածքում է տեղի ունեցել դեպքը, բայց ենթադրեց, քանի որ անգղի այս տեսակները կան Լոռու եւ Սյունիքի մարզում, ապա հավանաբար այդ շրջանում է եղել դեպքը:

Դիտարկմանը, որ Շենավանի գյուղապետը հաճախ է նման միջադեպերի մեջ հայտնվում, նույնիսկ իր որսորդական ատրճանակով կրակել է հարեւանին, տարօրինակ չէ՞ որ հիմա էլ այս դեպքը եղավ, նախարարն արձագանքեց. «Անմեղության կանխավարկածը կա, եւ կա գործի քննության ընթացակարգ, դա իմ իրավասություններից դուրս հարց է: Մեր միասնական մոտեցումն այն է,  որ արարք կատարողները եթե կան, որոնք անպարտաճանաչ են գործել լինեն համայնքային կամ պետական պաշտոնյաններ, պետք է ենթարկվեն պատասխանատվության»: