Ջուլիան Ասանջի մայրն արտակարգ հարցազրույց է տվել ավստրալիական Channel 7 հեռուստաընկերությանը. հայտնում է SkyNews-ը: Հարցերը տարբեր են եղել: Քրիսթին Ասանջը համոզված է, որ որդին անմեղ է: Եւ դա նա հայտնել է ոչ թե որպես մայր, այլ որպես մարդ, ով Ասանջին բոլորից լավ է ճանաչում:
«Ջուլիանը եւ բռնաբարությունը անհամատեղելի են: Նա ոչ ոքի էլ չի բռնաբարել: Արդեն որերորդ անգամ, երբ սկսվում են լուրերը, ես կպչում եմ էկրանին, տեսնելու, թե արդյոք նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է»,- ասել է Քրիսթինը:
Սկանդալային հայտնի սայթի հեղինակի մայրը ողջ աշխարհի աչքի առաջ իր հակակրանքն է ցուցադրել ամերիկյան դիվանագիտության հանդեպ` մտավախություն արտահայտելով, որ որդուն կանգնեցնել փորձող ուժերն, ի վերջո, կանեն իրենց գործը:
Նա նաեւ խիստ անբավարար է համարել ավստրալական իշխանությունների եւ, մասնավորապե, վարչապետ Ջուլի Գիլարդինի կատարած քայլերը: Հարցին, թե արդյոք դավաճանե՞լ են որդուն, մայրը միանաշանակ դրական պատասխան է տվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը WikiLeaks սայթի հիմնադիր Ջուլիան Ասանջին ձերբակալել էր դեկտեմբերի 7-ին:
Ինչպես հայտնում է globalist.org-ը, Շվեդիայում նրան մեղադրում էին բռնաբարություն կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա սկզբից Wikileaks-ը սկսեց տարածել գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը, որոնք բացահայտում են Ամերիկայի եւ այլ երկրների դիվանագիտական գաղտնիքները:


























