Քանի որ էմոների ենթամշակույթը առանցքային է համարում հուզական ազատությունը, ապա այն որոշակի վտանգ է ներկայացնում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` մեկնաբանելով էմոների ենթամշակույթը:
«Պատկերացնենք իրավիճակ, որտեղ մարդն ազատ արտահայտում է իր հույզերը, իսկ մարդկային հույզերը տարբեր են լինում` ուղղված ինքնաոչնչացմանը, ուրիշների դեմ արտահայտած ագրեսիա: Հետեւաբար` մարդը պետք է կարողանա այդ հույզերի դեմ արգելքներ ստեղծել: Եթե մենք վերացնենք բոլոր արգելքները, ապա կոչնչացնենք մեզ եւ մեզ շրջապատող մարդկանց»,- ասաց Կարինե Նալչաջյանը:

«Դեռահասներն ինքնահաստատվելու խնդիր ունեն, նրանց բնորոշ է ծնողների եւ հասարակության պարտադրած օրենքների բացառումը: Այդ իրավիճակն էլ նրանց սադրում է եւ պարարտ հող է ստեղծում էմոների ենթամշակույթում փնտրել  նոր, ոչ ստանդարտ լուծումներ: Իսկ դեռահասի չհասկացված լինելու մեջ որոշակի մեղավորություն ունեն ծնողները, դպրոցը եւ հասարակությունը: Երեխային պետք է տրվի ներքին պահանջները դրսեւորելու, ինքնառեալիզացվելու հնարավորություն, եթե դա չի լինում` դեռահասը որեւէ ենթամշակույթում է հայտնվում»,- նշեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի կարծիքով, էմոների ենթամշակույթը Հայաստանում որպես աղանդ է ընկալվում այն պատճառով, որ աղանդները հեղեղել են մեր երկիրը եւ այդ ֆոնին էմոների ենթամշակույթը նույնպես ընկալվում է որպես աղանդ: Սակայն կարեւոր չէ, թե ինչ անուն կտրվի դրան, կարեւոր է, որ այդ սոցիալ-հոգեբանական խումբը բացասական ազդեցություն է ունենում դեռահասների վրա:  Նալչաջյանը վստահ է, որ առաջին հերթին պետք է պայքարել այն պատճառների դեմ, որոնք դեռահասներին բերում են որեւէ ենթամշակույթ: Պատճառների դեմ պայքարի առաջին քայլերը պետք է լինեն երեխաների դաստիարակության եւ ծնողների հետ հարաբերությունների մեթոդները, իսկ էմոների դեմ բռնությունները որեւէ դրական արդյունք չեն կարող տալ: