Վրաստանի արդարադատության նախարարությունը Վրաստանի քաղաքացիների անձը հաստատող նոր՝ էլեկտրոնային վկայականի դիզայնի մրցույթ է հայտարարել։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
«Անձը հաստատող նոր վկայականը բանկային քարտի չափսերի կլինի եւ երկու չիպ կունենա։ Այն ոչ միայն անձը հաստատող փաստաթղթի, այլ նաեւ էլեկտրոնային ստորագրության եւ պետական բոլոր ծառայությունների փաստաթղթերի դեր կտանի»,- ասել է Քաղքացիական ռեեստրի գործակալության ղեկավար Գեորգի Վաշաձեն։
Նրա խոսքով, նոր վկայականը կկատարի նաեւ էլեկտրոնային դրամապանակի եւ քաղաքային տրանսպորտով երթեւեկության համար վճարելու պլաստիկ քարտի դեր։
«Անձը հաստատող նոր վկայականն իր մեջ կներառի պետության կողմից տրված փաստաթղթեր»,- հայտարարել է Վաշաձեն։
Նախատեսվում է, որ նոր վկայականները գործածության մեջ կմտնեն 2011 թվականից։





























