Չեխիայում աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել 4 192 բժիշկներ՝ ի նշան բողոքի, որ կառավարությունը որոշել է կրճատել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդել է չեխ բժիշկների արհմիության ակտիվիստ Իրժինա Մերաշովան:

Բժիշկները պահանջում են իշխանություններից, առնվազն երկու անգամ ավելացնել իրենց աշխատավարձերը, որն ըստ արհմիության տվյալների, կազմում է Արեւմտյան Եվրոպայի երկրներում բժիշկների աշխատավարձերի ընդամենը 40 տոկոսը:

Եթե այդ պահանջը չկատարվի, նրանք մտադիր են շարունակել իրենց աշխատանքային գործունեությունը Գերմանիայի եւ Ավստրայի բժշկական հաստատություններում, որտեղ բարձրակարգ մասնագետների պակաս կա, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Չեխիայի առողջապահության նախարար Լեոշ Գեգերը լրագրողներին հայտնել է, որ «եթե բժիշկները զանգվածաբար ազատվելու դիմումներ ներկայացնեն, իրենք ստիպված կլինեն փակել հիվանդանոցները, երկրում բժշկական ճգնաժամ կսկսվի եւ ինքը հրաժարական կտա»:

Ազատման դիմումներ գրած բժիշկները մտադիր են թողնել աշխատավայրերը մարտի 1-ից եւ այդ մասին նշված է իրենց դիմումներում: