Արմատական ազգայնականները ֆուտբոլային ֆանատներին սադրել են ոստիկանության հետ բախումների եւ ջարդարարությունների Մանեժնի հրապարակում: Ակցիան նվիրված է եղել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մահացած երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին:
Որոշ տվյալներով, այս ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել կովկասցիների հետ: Ոստիկանության քաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վիկտոր Բիրյուկովի խոսքով, «հավաքված ֆուտբոլի երկրպագուներին բախումների են սադրել ազգայնականները, ովքեր սկսել են ծայրահեղական բնույթի կոչեր հնչեցնել եւ կոչ անել ներկաներին գրոհել ոստիկանների վրա ու ջարդել ձեռքի տակ եղածը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայի Գոլովինսկի շրջանում ծեծկռտուք էր ծագել հյուսիսկովկասցիների եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջեւ։ Ծեծկռտուքին մասնակցել էին 10 հոգի։ Հետաքննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության քաղաքացի Ասլան Չերկեսովը գազային ատրճանակից կրակել էր մոսկվացի Սվիրիդովի վրա։ Ստացած չորս վնասվածքների հետեւանքով նա տեղում մահացել էր:
Դրանից հետո զայրացած երկրպագուները որոշել են Մոսկվայում «ռուս մարդկանց» ակցիա կազմակերպել: Մի քանի հարյուր ֆուտբոլային երկրպագուներ հավաքվել են Մոսկվայի Մանեժնի հրապարակում՝ մասնակցելու չարտոնված ցույցին։ Երիտասարդները բացականչել են. «Ռուսներ, առա՜ջ»։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, ցուցարաներից ոմանք կռվի են բռնվել կովկասցիների հետ։
Մեծ թվով ոստիկանններ, այդ թվում՝ ՕՄՕՆ-ականներ, շրջապատել են Մանեժնի հրապարակը։ Ոստիկանությունը փորձել է հանդարտեցնել ցուցարարներին՝ բարձրախոսի օգնությամբ կարգի հրավիրելով նրանց։




























