Կարեն Կարապետյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր:

Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին:

Հայաստանի մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջեւ ստորագրվել է մշակութային եւ գեղարվեստական փոխանակումների 2017-2020 թթ. ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին:

Հայաստանի եւ Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: