Ռուսաստանը մեծ ազդեցությունը ունի Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների վրա։ Հոկտեմբերի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Իրանը, շնորհիվ իր ռեսուրսների եւ կայունության,  ուժեղ պետություն է տարածաշրջանում, եւ նրա հետ չեն կարող հաշվի չնստել անգամ աշխարհի ամենահզոր պետությունները։ «Ամեն դեպքում, այնպես է ստացվում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ ցանկություն ունի Հայաստանի հետ լավ եւ արդյունավետ հարաբերություններ պահպանել։ Սակայն ես չեմ ասում, որ տենչում է»,-նշել է Բոստանջյանը՝ հավելելով, որ Երեւանը չի կարող ներգրավված լինել Թեհրանի հետ համագործակցության բոլոր ոլորտներում, սակայն Իրանի համար կարեւորագույն գործընկեր է նրա հյուսիսային սահմանների պաշտպանության համար։

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է պատգամավորը, Իրանում հիանալի գիտակցում են, որ, գտնվելով Մոսկվայի հետաքրքրության կենտրոնում,  Հայաստանը մեծ հնարավորություններ չունի խորացնելու Թեհրանի հետ իր տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները։ Սակայն դա տնտեսագետի կարծիքով չի բացառում այդ հնարավորությունը։