Էմանուել Մակրոնը վերջերս է ընտրվել Ֆրանսիայի նախագահ եւ դեռ չի հասցրել ամբողջությամբ ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ։ Հոկտեմբերի 10-ին՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտնել է Ֆրանսիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Դանիել Ղազարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, այն մասին, թե ինչու է Ֆրանսիան, ի տարբերություն իր գործընկերներ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, ավելի քիչ ակտիվություն ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Պատգամավորը վստահ է, որ մոտ ապագայում Հինգերորդ հանրապետության նախագահը կզբաղվի այդ խնդրով։ «Ես կարծում եմ, որ վերջինիս գործունեությունն այդ գործընթացում կդառնա նրա նախորդի՝ Ֆրանսուա Օլանդի քաղաքականության շարունակությունը»,-նշել է Ղազարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է Ֆրանսիայի նոր նախագահին մի քիչ ժամանակ տալ եւ չկասկածել, որ նա կարող է այդ հակամարտության կարգավորման գործում ակտիվ մասնակցություն ունենալ։ Դրա հետ մեկտեղ պատգամավորն ընդգծել է, որ Փարիզի համար կարեւոր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկու սկզբունքները՝ տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը։




























