«Կոմերսանտ» թերթը նշել Մոսկվայի «Մանեժնայա» հրապարակում անկարգությունների կազմակերպիչների անունները, որոնք պահանջում էին իշխանություններից լուծել «կովկասյան հարցը»՝ վանկարկելով «Մոսկվան ռուսների համար» կարգախոսը:
Պարբերականի տվյալներով, դրանք ֆանատների խմբավորումների՝ այսպես կոչված «Ֆիրմաների» առաջնորդներն են, որոնք կապ չեն ունեցել երկրպագուների պաշտոնական միավորումների հետ: «Այդ միավորումները գոյություն ունեն հիմնականում կռիվների համար եւ որեւէ մեկին չեն ենթարկվում»,- գրում է պարբերականը:
Ակցիայի մասնակիցները մեկը՝ Սերգեյ անունով, պարբերականին ասել է, թե Մոսկվայում պարբերաբար «մարզանքներ» են անցկացվում, որոնց ընթացքում իրար հետ կռվում են այդ «ֆիրմաների» մասնակիցները: Դրանցից յուրաքանչյուրում 10-ից 50 մարդ կա: Նա «Մանեժնայա» հրապարակի ցույցն աննախադեպ է անվանել, քանի որ ֆանատները սովորաբար կռվում են իրար դեմ:
Պաշտոնական երկրպագուների միավորումները տեղյակ են եղել, թե ովքեր են ակցիայի կազմակերպիչները եւ կոչ են արել չգնալ քաղաքի կենտրոն: Որոշ բլոգերներ լուսանկարներում ճանաչել են կրեմլամետ «Երիտասարդ Ռուսաստան» եւ «Նաշի» շարժումների անդամներին:
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուների «Ֆրատրիա» միավորման նախկին ղեկավար Իվան Կատանաեւը կարծում է, որ «Մանժենայա» հրապարակի ակցիան որեւէ մեկը չէր կազմակերպել: Հենց կազմակերպիչների բացակայությունն էլ խնդիր էր հարուցել ոստիկանների համար, որը չգիտեր, թե ում հետ պիտի բանակցություններ վարի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անկարգությունները Մոսկվայում սկսվել են «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից հետո:
Նախ երկրպագուները հրավառություն էին անում եւ ազգայնական կարգախոսներ հնչեցնում, ապա ցույցը վերաճեց ջարդերի: Պատահաբար անցնող շատ կովկասցիներ եւ միջինասիացիներ լուրջ վնասվել են: Ֆանատները նաեւ բախումների մեջ էին մտել ոստիկանության հատուկ ուժերի հետ:





























