Հայ առաքելական եկեղեցին 150 հազար դոլար է հատկացրել «Հայերի դերակատարությունը Ռուսաստանի մշակութային կյանքում» թեմայով գիտական աշխատությունների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ամփոփելով վերջին մեկ տարվա գործունեությունը:

Սամվել Հարությունյանը նշեց, որ առաջին անգամ է եկեղեցին հովանավորում Կոմիտեին:

«Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Թեմի հետ համագործակցության շրջանակներում հայտարարված մրցույթին ներկայացվել է 12 հայտ, սակայն ֆինանսավորվել են 6-ը: Թեմաներն ընդհանրապես եկեղեցու հետ կապ չունեն, գիտական աշխատությունները վերաբերել են հայերի ունեցած դերակատարությանը Ռուսաստանի մշակութային կյանքում»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Նա նշեց, որ Կոմիտեն եւ եկեղեցին 150 հազարական դոլար են հատկացրել այս ծրագրի համար: