ԱՄՆ-ն չի կարող միակողմանի կարգով դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրից, քանի որ այն ամրագրված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս գործարքը երկկողմ համաձայնագիր կամ միջազգային պայմանագիր չէ, սա ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի հավելված է, որն ընդունվել է միաձայն: Որքանով ես եմ տեղյակ, աշխարհում ոչ մի երկիր չի կարող չեղարկել այս բանաձեւը», - Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ Իրանի կողմից համաձայնագրի դրույթների իրականացումը հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:

«Մենք համարում ենք, որ մենք կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում դրա պահպանության համար հանուն մեր անվտանգության», - նշել է նա: