«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարարակական կազմակերպությունը դատի է տվել ՀՀ բնապահպանության  նախարարությանը։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այդ կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, ՀԿ-ն վիճակում է նախարարության անգործությունը, մասնավորապես՝ Ողջի գետի աղտոտվածության խնդրին արժանի ուշադրություն չդարձնելու մասով։

«Հայտը վարչական դատարան ներկայացրել ենք դեռ նոյեմբերին, սակայն գործը վարույթ դեռեւս չի ընդունվել։ Պատճառաբանությունն այն է, որ վարչական դատարաններում փոփոխություններ են կատարվում»,- տեղեկացրեց Ղազարյանը։

Նրա հավաստմամբ, Ողջին Հայաստանի ամենաաղտոտված ջրային ավազանն է։ «Այս գետի մեջ են լցվում Կապանի եւ շրջակա մի շարք գյուղերի կոյուղաջրեր, ինչը «ՀայՋրմուղԿոյուղու» անգործության եւ անհետեւողականության արդյունքն է։ Բացի այդ, Ողջի են թափվում «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ մեծ քանակությամբ հանքաարդյունաբերական թափոններ։ Բնապահպանության  նախարարությունը քաջատեղյակ է սրան, սակայն իրավիճակը շտկելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում, ինչ էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի իր պարտականությունները չկատարելու համար դատի տանք այդ լիազոր մարմնին»,- ամփոփեց «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ իրավախորհրդատուն։

Նախաձեռնությունն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամ-ինստիտուտի աջակցությամբ։