Դեկտեմբերի 11-12-ին Թուրքմենստանում կայացել է «Թուրքմենստանի մշտական չեզոքությունը` համագործակցություն հանուն խաղաղության, անվտանգության եւ զարգացման» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանի եւ աշխարհի տարբեր երկրներիից ժամանած պաշտոնական պատվիրակություններ, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանից գիտաժողովին մասնակցել է ԱԳ փոխնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Գիտաժողովի մասնակիցները քննարկել են Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային համագործակցության, ազգամիջյան հիմնահարցերի լուծման եւ կանխարգելման տեսությանն ու գործնական քայլերին, տարածաշրջանային կազմակերպությունների դերակատարությանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ ԱԳ փոխնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի, Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ, նախկինում Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Խըդըր Սապարլիեւի, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի, Իրանի ԱԳ փոխնախարար Շեյբանի Ռաուֆ Մոհամմետրեզայի, Տաջիկստանի ԱԳ փոխնախարար Մահմուդջան Սոբիրովի, Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալախոնիայի, Ղազախստանի ԱԳ փոխնախարար Կայրատ Ումարովի հետ: