Մոսկվայի հայկական կազմակերպությունների միության կողմից NEWS.am-ի խմբագրություն հայտարարություն է ստացվել` կապված Մոսկվայում եւ Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում ծայրահեղ ազգայնականների կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններիի հետ: Հայտարարության մեջ վերջիններս խոր անհանգստություն են հայտնում դեպքերի կապակցությամբ եւ կոչ անում Ռուսաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած անձանց հետեւել օրենքին, որը հավասար է բոլորի համար:
«Մենք վստահ ենք, որ ազգային ու կրոնական հիմքի վրա իրականացրած հանցագործությունները կբացահայտվեն, իսկ հանցագործների դատավճիռները կլուսաբանվեն հայտնի լրատվամիջոցներով: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին մանրակրկիտ հետաքննել սպանության բոլոր հանգամանքները եւ մեղավորներին խստագույնս պատժել: Կոչ ենք անում Ռուսաստանի սփյուռքի ներկայացուցիչներին չտրվել սադրանքներին եւ ամեն ինչ թողնել օրենքի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին»,- ասված է Մոսկվայի հայկական կազմակերպությունների միության հայտարարության մեջ:




























