Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում գողություն է տեղի ունեցել:
Գողության փաստն այսօր՝ դեկտեմբերի 13-ի առավոտյան հայտնաբերել է կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտան Արտակ Զեյնալյանը, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե գողության թիրախը եղել է հենց իր սենյակը:
Զեյնալյանը հայտնեց, որ անհայտ անձինք կուսակցություն մուտք գործելու համար դուռը չեն վնասել, եւ ամենայն հավանականությամբ մտել են պատշգամբից: Մինչդեռ իր՝ Արտակ Զեյնալյանի սենյակի դռան ապակին կոտրված էր:
Գողացվել է Զենյալյանի համակարգչի մոնիտորը, սակայն համակարգչի պրոցեսորին ձեռք չեն տվել: Գողացվել է նաեւ արբանյակային ալեհավաքի կոդազերծման սարքը, մինչդեռ դարակում դրված 16 հազար դրամ գումարին ձեռք չեն տվել: Այդ փաստը Զեյնալյանին հիմք է տալիս կարծելու, որ չարագործներն ակնհայտորեն ինչ-որ բան են փնտրել:
Նշենք, որ Զեյնալյանը վերջին շրջանում դատարանում ներկայացնում էր Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի հարազատների շահերը: Ինչպես հայտնեց Արտակ Զեյնալյանը, չաագործները գետնին էին թափել Վահան Խալաֆյանի քրգործի հատորները: «Առայժմ չգիտենք, թե ինչ են փնտրել, սակայն շուտով մոնիտոր ձեռք կբերենք եւ մասնագետի կհրավիրենք՝ պարզելու՝ արդյոք դեկտեմբերի 2-12-ն ընկած ժամանակահատվածում որեւէ գործողություն կատարվել է համակարգչում, թե՝ ոչ»,- ասաց Զեյնալյանը: Նշենք, որ այդ ժամանակահատվածում Արտակ Զեյնալյանն ու կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գտնվել են Միացյալ Նահանգներում:
Այսօր կուսակցության գրասենյակ են այցելել ոստիկանության աշխատակիցները, որոնք տեղազննության աշխատանքներ են իրականացրել:





























