Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի 7 հասցեում`«Կերամիկա» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ դիմել փախուստի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը տեղում մահացել է:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Երեւանի  ճանապարհային ոստիկանության աշխատակիցները`  ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Այստեղ են Կենտրոնականի ոստիկանության աշխատակիցները՝ պետի օպեր գծով տեղակալ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները` բաժնի պետ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված են մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, իսկ ոստիկանության աշխատակիցները փորձում են տեղանքն ազատել նրանցից:

Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածն Իրանի քաղաքացի 32-ամյա Մոժդե Կուրոժ Աբադին է: Նա սովորում էր Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսում եւ փաստացի բնակվում էր Այգեստան 11 փողոցի 39/2 հասցեում:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի