Այսօր՝ դեկտեմբերի 13-ին ռուսական ընդդիմության ներկայացուցիչները հիմնադրել են «Ժողովրդական ազատության կուսակցությունը»,. Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Այս որոշումը կայացվել է «Հանուն առանց ամենաթողության եւ կոռուպցիայի Ռուսաստանի» դեմոկրատական կոալիցիայի համագումարում:

Անդրադառնալով Արդարադատության նախարարությունում նոր կուսակցության գրանցման հետ կապված հնարավոր խնդիրներին, կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Միխայիլ Կասյանովը հայտարարել է, որ անհաջող զարգացումների պարագայում, ընդդիմությունը կշարունակի պայքարը նաեւ կոալիցիայի ձեւաչափով:

Իր հերթին, մեկ այլ առաջնորդ՝ Բորիս Նեմցովը հայտարարել է. «Եթե մեզ չգրանցեն, ապա նրանք դրանով ոչ լեգիտիմ կդարձնեն առաջիկա թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները»:

Դեմոկրատական կոալիցիայի մասնակիցներն ընդգծում են, որ իրենց նոր կուսակցությունը գրանցելուց հետո, մասնակցելու են բոլոր տեսակի ընտրություններին, եւ խորհրդարանական եւ նախագահական եւ տարածքային:

Հիշեցնենք, որ «Հանուն առանց ամենաթողության եւ կոռուպցիայի Ռուսաստանի» դեմոկրատական կոալիցիան ձեւավորվել է այս տարվա սեպտեմբերին, որի հիմնադիրներից են Բորիս Նեմցովը, Վլադիմիր Ռիժկովը, Վլադիմիր Միլովը եւ Միխայիլ Կասյանովը: