Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում խոշոր հրդեհների զոհերի թիվը աճել է մինչեւ 38 մարդ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: 

Եվս 55 մարդ վիրավորվել է, այրվածքներ ու այլ վնասվածքներ ստացել, 15 տուժած ծանր վիճակում է: Դրանից զատ, 7 մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում՝ նորածին, հավելել են ծառայությունից:

Շաբաթ օրվանից սկսած՝ բռնկման ընդհանուր 500 օջախ է գրանցվել, երեքշաբթի առավոտյան ակտիվ էին դրանցից միայն 50-ը: Կրակը ոչնչացրել է հարյուրավոր տներ: Անվտանգության նպատակներով փակվել են 12 ավտոճանապարհներ, առաջին հերթին՝ երկրի կենտրոնական շրջաններում: Կրակի դեմ պայքարին ներգրավվել են 4 հազար հրշեջներ, առաջիկայում Իտալիայից Պորտուգալիա պետք է ժամանեն 2 երկկենցաղ օդանավեր: Կրակի մարմանը մասնակցում են նաեւ զինվորականները:

Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել: