Իրաքի զինված ուժերի եւ փեշմարգայի միջեւ բախումները կսրվեն: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ չնայած դրան, ինքը կասկած չունի, որ քրդական պետությունը կստեղծվի: «Դա միայն ժամանակի հարց է: Ուղղակի քրդերը ցանկանում էին մեծ կտոր ընդգրկել: Քանի որ Քիրքուքը բացարձակապես Իրաքի Քուրդիստանի մասը չէ: Սակայն տեսնենք՝ արդյոք նրանց կհաջողվի դա անել»,- պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ Իրաքի ամբողջ նավթի գրեթե 40 տոկոսն արդյունահանվում է հենց այս շրջանում, եւ առանց այս տարածքի վերահսկողության Իրաքի Քուրդիստանի բյուջեն զգալիորեն կկրճատվի:
Պապյանը նաեւ նշեց, որ քուրդ հանրության շրջանում եւս ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ այն փաստացի բաժանված է 2 ճամբարի՝ մի կողմից անկախության կողմնակիցներ, մյուս կողմից՝ Իրաքի կազմում լայն ինքնավարության պահպանման կողմնակիցներ:
Հիշեցնենք, որ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը հինգշաբթի ժամանել էր Սուլեյմանիա (Իրաքի Քուրդիստան) քրդական ղեկավարությանը Քիրքուքի շուրջ իրավիճակի կարգավորման վերաբերյալ Բաղդադի վերջնագիրը հանձնելու:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին իր հերթին ուժայիններին հրամայել է ապահովել Քիրքուք նահանգում ռազմաբազաների եւ պետական օբյեկտների անվտանգությունը:
Իրաքի Քորդիստանի Զինված ուժերը Իրաքի իշխանությունների եւ զինվորականների գործողությունները «հարձակում» է անվանել եւ հայտարարել, որ սա ոչ այլ ինչ է, քան «պատերազմ հայտարարել»: Քրդերը նաեւ նախազգուշացրել են, որ Իրաքի վարչապետի կառավարությունը «բարձր գին» կվճարի հակամարտություն նախաձեռնելու համար:




























