Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնը հայտարարել է Օսմանյան Թուրքիայում հայերի անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերի տվյալների բազայի ստեղծման ծրագրի գործարկման մասին: Այս մասին հայտարարել է Կենտրոնի գործադիր տնօրեն Քեյթ Նահապետյանը, հայտնում է Armenian Weekly-ն:

Ցեղասպանության ընթացքում հայերի կորցրած, բռնագրավված ունեցվածքի տվյալների բազայի ստեղծման ծրագիրը կօգնի հաստատել հայերի իրավունքը Ակարայի կողմից այն վերադարձնելու համար: Նրա խոսքով՝ համանման արխիվը նաեւ տեղեկությունների հուսալի աղբյուր կլինի, որը կմեծացնի Սփյուռքի հնարավորությունները քաղաքական եւ իրավաբանական հարթություններում արդարության պայքարում:

Կենտրոնը ոչ միայն ֆիզիկական փաստաթղթեր հավաքելով կզբաղվի, այլ նաեւ ունեցվածքի վերաբերյալ վկայություններ կհավաքի Ցեղասպանությունը վերապրած մարդկանցից եւ նրանց ժառանգներից: