Երեւանին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 19-ին, մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի եւ Կարո Եղնուկյանի գործով դատական նիստը: Արտուշ Գաբրիելյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նրա համար դատարան շտապօգնություն է կանչվել:

15 րոպե ընդմիջումից հետո դատարանը հայտարարեց, որ Խաչատուր Գիչյանին սրտի ստենդավորում է կատարվել, սակայն, նա երկար ժամանակ  անհրաժեշտ դեղորայք չի ստացել եւ առողջական վիճակը վատացել է:  Խաչատուր Գիչյանն ունի արյան բարձր ճնշում եւ անհրաժշետ է նրան տեղափոխել հիվանդանոց, հնարավոր է, որ նրան վիրահատեն:

Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը չի կարող մասնակցել նիստին, դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգելու:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի,Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: