Գողության մեջ մեղադրվող երիտասարդներից բռնությամբ են ինքնախոստովանական ցուցմունք կորզել: Այս մասին հայտարարել է նրանց պաշտպան Կարինե Գասպարյանը:

Այս առնչությամբ ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են այս տարվա հուլիսին եւ պահվում են Վանաձոր ՔԿՀ-ում: Մեղադրանքի հիմքում նրանց ինքնախոստովանական ցուցմունքներն են, որոնք հետո մեղադրյալները հերքել են:

Ավելի ուշ՝ 2017 թ. հուլիսի 31-ին, քրեական գործում որպես պաշտպան ներգրավվել է փաստաբան Կարինե Գասպարյանը, երբ Զ. Նասլյանն ու Տ. Գրիգորյանը իրենց պաշտպանությունն իրականացնելու հարցով դիմել են նրան եւ հայտնել, որ ինքնախոստովանական ցուցմունքները տվել են Սպիտակի ոստիկանության աշխատակիցների ճնշման ներքո: Մեղադրյալների փոխանցմամբ՝ ոստիկանությունում իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական բռնություն եւ հոգեբանական ճնշում:

Մինչ այդ՝ բերման է ենթարկվել եւ ոստիկանության բաժնում 2 օր՝ համապատասխանաբար 4 ժամ եւ 3 ժամ պահվել է Զ. Նասլյանի եղբայրը, որպեսզի Զ. Նասլյանը ներկայանա ոստիկանություն: Երկրորդ օրը Զ. Նասլյանի եղբորը բաց են թողել նրա եւ Տ. Գրիգորյանի՝ ոստիկանություն ներկայանալուց հետո միայն: Ավելին՝ չնայած նրան, որ նրանք ոստիկանություն կամովին են ներկայացել, ոստիկանությունում կազմվել է բերման ենթարկելու մասին արձանագրություն, իսկ ձերբակալման մասին որոշում կայացրել են նրանց անօրինական ձեւով ոստիկանությունում ավելի քան 8 ժամ պահելուց հետո միայն:

Պաշտպան Կ. Գասպարյանը նշում է, որ իր պաշտպանյալների մեղքը հիմնավորող որեւէ ապացույց քրեական գործում չկա, եւ մեղադրանքն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա: Այդ հիմքով Տ. Գրիգորյանի եւ Զ. Նասլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրանց ազատ արձակելու հարցով պաշտպանը մի քանի անգամ դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, սակայն մարզի դատախազությունից պնդել են, որ «մեղադրանքի կողմը նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատել է բավարար, ուստի քրեական գործն ուղարկվել է դատարան»:

Մեղադրյալ Զ. Նասլյանը նաեւ բացարկ է հայտնել քննիչ Ա. Եղիազարյանին՝  սակայն բացարկը եւս մերժվել է: Ուշագրավ է Լոռու մարզի դատախազության դատախազ Ա. Մուքոյանի մեկնաբանությունը. «Եթե իրականում Զ. Նասլյանի նկատմամբ գործադրված լիներ ճնշում, կամ քննիչի կողմից հարկադրանք, ապա նա կաշկանդված չէր եւ այդ մասին դատարանում միջնորդության քննարկման ժամանակ կամ «Վանաձոր» ՔԿ հիմնարկում նրան տեղափոխելու եւ այնուհետեւ պահելու ընթացքում կարող էր ազատ եւ անկաշկանդ հայտնել ՔԿՀ-ի աշխատակիցներին»: