ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2017թ.-ի մրցանակաբաշխության հաղթողը Ipod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելն է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսաելյանը:
Թոնի Ֆադելը Հայաստան կժամանի նոյեմբերի 14-ին: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հանրապետության նախագահի, վարչապետի հետ, Մատենադարանում Ֆադելը հանդիպում կունենա նաեւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ:
«Արդեն 8-րդ տարին է, որ այս մրցանակաբաշխությունն իրականացնում են: Այս տարվա մրցանակակիրն ամենաերիտասարդն է»,- ասաց Հովիկ Մուսաելյանը:
Ըստ միջազգային մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանի` սա հնարավորություն է տալիս Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել աշխարհում, ինչպես նաեւ մրցանակակիրները կարող են օրինակ ծառայել հայաստանցի երիտասարդների համար եւ կողմնորոշիչ դեր ունենալ ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Նշենք, որ այս մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:




























