Եվրախորհրդարանում Ադրբեջանի ներկայացուցչությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը բողոքի նոտա են  հղել եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկին` ընդդեմ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության:

Բողոքի նոտա հղելու առիթը եղել է Եվրախորհրդարանի՝ Բրյուսելում դեկտեմբերի 1-2-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ցուցադրված «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» վերնագրով վավերագրական ֆիլմը: Այնտեղ պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցիները ոչնչացնում հայկական գերեզմանները:

ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը դժգոհել է, թե ինչու Եվրախորհրդարանը չի կանխել հայկական կողմի «փաստերը խեղաթյուրելու» եւ ԵԽ պատգամավորներին թյուրիմացության մեջ գցելու փորձը, ինչից հետո էլ որոշել է բողոքի նոտա հղել:

«Ես հումորով եմ վերաբերվում ադրբեջանական կողմի բողոքի նոտայի ձեւակերպումներն, որտեղ ամեն ինչ զավեշտի է հասցված, քանի որ նշվում է, թե ընդհակառակը՝ իրենք ուշադիր եւ հոգատար են այլոց մշակութային ժառանգության հանդեպ: Եվրախորհրդարանի մեր գործընկերները հնարավորություն ունեցան ֆիլմի միջոցով տեսնելու այդ «հոգատարության» դրսեւորումները, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կացնահարում հայկական խաչքարերը, ինչպես են բեռնում բեռնատարներն ու թափում անդունդը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտեց պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա հավելեց, որ ֆիլմը մեծ տպավորություն է թողել Եվրախորհրդարանի պատվիրակների վրա:

Զոհրաբյանը նշեց նաեւ, որ իրենք այս գործելաոճը շարունակելու են եւ պատրաստվում են Եվրախորհրդարանի առաջիկա նիստում ցուցադրել «Բաքու, Մարաղա-Սումգայիթ» փաստավավերագրական ֆիլմի սեղմ տարբերակը: «Եվրախորհրդարանի նախագահը այդ ֆիլմը դիտելուց հետո կարծում եմ, նույնպես ադրբեջանական բողոքի նոտաներին կվերաբերվի հումորով, ինչպես եւ մենք», ասաց հայ պատգամավորը:

Զոհրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ նիստից դուրս ՀՀ պատվիրակության անդամները բազմաթիվ այլ հանդիպումներ են ունեցել: Մասնավորապես հանդիպել են ԵԽ պատգամավոր Բերտ Սթայսի հետ, ով առաջիկայում այցելելու է Հայաստան եւ Արցախ։ Բերտ Սթայսն, ի դեպ, զբաղվում է նաեւ Ջուղա ԵԽ-ի կողմից դիտորդական առաքելություն ուղարկելու հարցով։