Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ» կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը» եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր:
Պարոն Բահինի Հայաստան կատարած այցի նպատակն էր մարդասիրական ականազերծման եւ ականներից տուժածներին օգնություն տրամադրելու ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
Լ.Բահինին բարձր է գնահատել ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման ոլորտի բարեփոխումները` նշելով, որ ՀՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի` պետական ոչ առեւտրային կառույց դառնալուց հետո «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը» կարող է սերտորեն համագործակցել եւ տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն ցուցաբերել ականազերծման կենտրոնին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2011թ. սկզբին «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդի» եւ ՀՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի միջեւ ստորագրել փոխըմբռնման հուշագիր երկկողմ համագործակցության վերաբերյալ:





























