Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերի սկզբին Լեհաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում եռօրյա այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը:
ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերությունը խոշորագույնն է Եվրամիության տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում:
Դեկտեմբերի 14-ին պատվիրակությանն ընդունել է Արթուր Բաղդասարյանը:
Զրուցակիցները քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման եւ հանրապետությունում առկա նմանատիպ մյուս խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի համար բնապահպանական անվտանգության առումով խիստ կարեւոր է թե՜ Նուբարաշենի, թե՜ որոշ այլ բնակավայրերում առկա թունաքիմիկատների ոչնչացման խնդիրը: Դոմինիկ Վոեւուդկան ներկայացրել է իր ղեկավարած ընկերության հնարավորություններն ու փորձը նման խնդիրների լուծման գործում եւ մատնանշել, որ վտանգավոր գոյացությունները հրատապ չոչնչացնելը տարածվելու լուրջ վտանգ է պարունակում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Էկոտեխ» ընկերության եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ համագործակցության հուշագիր ստորագրել, որին կհետեւեն կարճ ժամկետներում թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման աշխատանքները:





























