Հատուկ գործողությունների արդյունքում դրամաշորթության մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվել է Ադրբեջանի Գանձա  քաղաքի «Մալիշ կրիտնի»  մականունով քրեական աշխարհի ներկայացուցիչը։ Նրա հետ ձերբակալվել է նաեւ Վրաստանի  մեկ բնակիչ։ Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի աշխատակիցները նախօրեին Թբիլիսիում  հատուկ գործողություններ են իրականացրել, սակայն ՆԳՆ-ը մանրամասներ է հրապարակել միայն այսօր։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալները սպանության սպառնալիքով 2 հազար դոլար են շորթել 1986 թ․ ծնված Բ․ Մ․-ից։

Իրավապահները ձերբակալել են նրանց , նախքան տուժողը կփոխանցեր պահանջված գումարը»,– հայտնել են ՆԳՆ-ում։

Օպերատիվ նկարահանության ժամանակ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի չարագործը ներկայանում տուժողին որպես «Մալիշ Կրիտնի» Գանձայից , «գողական մեծ ընտանիքի որդի»։ Մեղադրյալն ասում է, որ իրեն Վրաստան են ուղարկել «գողականները», եւ գումարն իրեն պետք է փոխանցվի։

Վրացական լրատվամիջոցների տվյալներով, այսօր բանտարկյալներին մեղադրանք կառաջադրվի։ Հարուցվել է քրեկան գործ՝ «խմբակային դրամաշորթություն»  հոդվածով, որը նախատեսում է 4-ից 7 տարով ազատազրկում։