«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործը կքննվի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը:

Այս գործով առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 11:30-ին:

Գործը քննելու է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ  Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը,  Էդվարդ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: