Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոյին եւ Կառլոս Էռնանդես Միրոնին։

Մասիս Մայիլյանը ողջունել է մեքսիկացի պատգամավորների այցն Արցախ եւ հույս հայտնել, որ այն կդառնա երկկողմ համագործակցության հաստատմանն ուղղված առաջին քայլը։ Այս համատեքստում  տեղի ունեցավ փոխգործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը պատգամավորներին է ներկայացրել նաեւ Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։