Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ գիշերն անցկացրել է Կիեւում Գերագույն ռադայի առջեւ տեղադրված վրանում: Սաակաշվիլին այս մասին հայտնել է հոկտեմբերի 25-ին Facebook-ի իր էջում տեղադրված տեսաուղերձում:
Սաակաշվիլին նաեւ ուկրաինացիներին հրավիրել է հոկտեմբերի 25-ին տեղական ժամանակով ժամը 19:00-ին սկսվող ժողովին: Նա հայտնել է, որ Ռադայի մոտ դասախոսություններ եւ սեմինարներ կանցկացվեն քաղաքական բարեփոխումների եւ տեղեկատվական հարցերով: Ապա հրավիրել է ժողովին՝ ասելով, որ այնտեղ սպասում է ուկրաինացիների, որոնք հավատում են Ուկրաինայի ապագային:
«Ես սպասում եմ ձեզ, որովհետեւ ուզում եմ իմանալ, որ մենք այս ամենն իզուր չենք անում, որ այս մարդիկ եւս իզուր չեն ցանկանում կյանքի փոփոխություն: Մեզ չի բավարարում ներկայիս իրականությունը: Եթե դրական փոփոխություններ եք ուզում, դուք պետք է այստեղ լինեք, եւ միասին փոխենք այս համակարգը՝ հանգիստ, առանց էքսցեսների, բայց վստահ, որովհետեւ մենք բոլորս հավատում ենք Ուկրաինայի ապագային»,- եզրափակել է Սաակաշվիլին:











