Ազգային ժողովի շենքի դիմաց մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով այս պահին ԱԺ-ում քննարկվող «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ, որով սահմանափակվում է ուսանողներին տրվող տարկետման իրավունքը:
«Մեր մոտավոր հաշվարկներով՝ ամեն տարի ասպիրանտուրա ընդունվում է 140 ուսանող, ու եթե տարկետումը ընդհանրապես չլինի, այդ 140 ուսանողը զրկվում է գիտությամբ զբաղվելու հնարավորությունից: Արդյոք 140 հոգու բանակ զորակոչելով վերանում է խնդիրը: Իհարկե ոչ»,- նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ շարունակելով. «Բոլորս էլ գիտենք՝ ովքեր գնում են ու վերադառնում են բանակից, էլ չեն էլ ուզում սովորել»։
Ակցիայի մասնակից ուսանողուհիներից մեկը նշել է. «Մենք ցանկանում ենք, որ եղբայրները անիմաստ տեղը երեք տարի չծառայեն եւ չենք ցանկանում, որ այս ամենը գիտությանը խանգարի»:
«Ես ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող եմ, զբաղվում եմ գիտությամբ եւ եթե այդ օրենքը ընդունվի, ես չեմ կարողանա իմ ուսանողներին կրթել եւ լաբորատորիայի թիմ ունենալ, քանի որ, եթե իմ դիպլոմնիկին տանեն բանակ, ես մենակ կլինեմ, իսկ մենակ գիտությամբ զբաղվել հնարավոր չէ: Տղաներից բաղկացած ֆակուլտետները կտրուկ դատարկվելու են»,-ասաց մեկ այլ ուսանող՝ հավելելով, որ ուսանողները նաեւ հարցի վերաբերյալ ստորագրահավաք են կազմակերպել:
Մեկ ուրիշ երիտասարդ էլ ասաց, որ իրենք գալուց առաջ գիտեին, որ միանգամից օրինագիծը հետ չի կանչվելու, քանի որ սա շարունակական բնույթ պետք է կրի եւ սրանով իրենց անհամաձայնությունն են ցույց տալիս: Ինչ վերաբերում է բանակից խուսափելու համար կրթությունը շարունակելուն, ապա ուսանողներից մեկը նշեց, որ եթե տարկետումը վերանա, ապա հնարավոր կոռուպցիան կտեղափոխվի առողջապահության ոլորտ եւ սոցիալական արդարություն չի լինի:
Ուսանողները պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կամ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որեւէ ներկայացուցչի հետ։
Հիշեցնենք, ըստ նոր օրինագծի՝ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։




























