Ազգային ժողովի նիստերի դահլիճում նստած են մարդիկ, որոնց որդիները չեն ծառայել եւ չեն էլ ծառայելու բանակում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես լրջագույն մտավախություն ունեմ՝ արդյոք այս նախագիծը լուծելու է բանակում առկա կոռուպցիոն խնդիրը, նեղացնելով կոռուպցիայի կոկորդը՝ արդյոք այնտեղից չեն շարունակելու պլստալ էն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց երեխաները չեն ծառայել եւ չեն ծառայելու բանակում, նրանցից շատերն այսօր այս դահլիճում նստած են: Ինձ համար ուղղակի նողկալի է ֆեյք հայրենասիրական ելույթները: Էն մարդիկ, որոնք առավելագույնս օգտվել են արտոնյալ համակարգից, իրենք չեն ծառայել, իրենց երեխաները չեն ծառայել ու չեն էլ ծառայելու, իրավունք չունեն հայրենասիրական ելույթներ ունենալ, մի հատ էլ նախարար են տեսնում, սկսում են քծնել»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ասպիրանտուրայում անվճար սովորում են միայն բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, որոնք երբեք չեն լինելու գիտության մեջ: Ըստ պատգամավորի, սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Հենց այս փեթակն է պետք վերացնել»: