«Առավոտ»-ի ունեցած տեղեկութուններով՝ ԵՄԿ Էջմիծմնի մասնաճյուղի անդամներն արդեն տասն օր է՝ այցելու են քաղաքագում գտնվող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններ, մեծ եւ փոքր խանութներ եւ իրազեկում, որ «օբյեկտի» տերը մինչեւ ամանորյա տոները պետք է որոշակի հանգանակություն անի ԵԿՄ-ի ֆոնդին՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տոնական նվերներ մատուցելու, որոշակի նյութական օգնություն տրամադրելու համար: Խոսակցություններ են շրջանառվում, որ  ամենացածր շեմը 200 ամերիկյան դոլարն է: Էջմիածնեցի մեծ, մանր եւ միջինգործարարներն , իհարկե, դեմ չեն օգնել հանուն հայրենիի իրենց կյանքը զոհաբերածների ընտանիքներին, մանավանդ,, որ նրանցից շատերին անձամբ ճանաչել, մտերիմ հարաբերությունների մեջ են եղել։

Անհասկանալի է միայն, թե ինչու՞ այդ ամենը պետք է արվի ԵԿՄ-ի միջոցով, երբ իրենք առանց այդ էլ տարբեր առիթներով եւ սեփական նախաձեռնությամբ տարատեսակ օգնություններ տրամադրում են։  «Առավոտ»-ի աղբյուրը, ով փոքր բիզնեսի ներկայացուցիչ է, պատմել է, որ երբ այս մտահոգությունը ներկայացրել են ԵԿՄ-ականներին, վերջիններս պատասխանել են. «Շեֆն ա ասել (նկատի ունենալով Մանվել Գրիգորյանին)»։ Բանագնացները միայն ավետել են, որ պարտադիր չէ կանխիկ վճարում անել, կարող են նաեւ հաշվեհամար տալ, որին կփոխանցվեն տվյալ գումարները։