«ՄեգաՖոնի» Տնօրենների խորհուրդը հաստատել է Գեւորգ Վերմիշյանի թեկնածությունը ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում. նա հիմա զբաղեցնում է ֆինանսական տնօրենի պաշտոնը: Որոշումը պետք է ստանա բաժնետերերի ընդհանուր ժողովի հավանությունը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին: Այս մասին նշված է օպերատորի մամլո հաղորդագրության մեջ:

«ՄեգաՖոնի» գործադիր տնօրենի պատասխանատվությունների շրջանակում են՝ օպերացիոն գործունեությունը, ընկերության ռազմավարության կատարման վերահսկողությունը, կառավարման կոլեգիալ մարմինների աշխատանքի կազմակերպումը եւ դուստր ու ենթակա միությունների գործունեության կառավարումը:

«Կառավարման այսպիսի մոդելը թույլ կտա առավելագույն օպերատիվությամբ արձագանքել շուկայի իրավիճակի փոփոխություններին եւ կենտրոնանալ 2017 թվականի մայիսին հայտարարված ընկերության ռազմավարության իրականացման վրա»,- հայտարարել է «ՄեգաՖոնի» Տնօրենների խորհրդի նախագահ Իվան Ստրեշինսկին:

Նրա խոսքով՝ սա ընկերության գլխավոր տնօրենին թույլ կտա կենտրոնանալ ենթակառուցվածքային ծավալուն նախագծերի իրականացման, պետության եւ խոշոր կորպորատիվ պատվիրատուների հետ համագործակցության վրա, ինչպես նաեւ երկրի թվայնացման օրակարգում հեռանկարային խոշորագույն նախագծերի վրա: Այս խնդիրների լուծումը «գլխավոր տնօրենի անձնական ներգրավվածություն» է պահանջում, ընդգծել է Ստրեշինսկին:

Նա վստահություն է հայտնել, որ Վերմիշյանին գործադիր տնօրեն նշանակելու Տնօրենների խորհրդի որոշումը թույլ կտա ապագայում ընկերության ռազմավարական առավելությունն ապահովել: «Գեւորգ Վերմիշյանի փորձը եւ էներգիան արդեն հիմա թույլ կտան բարձր արդյունք ցուցադրել»,- նշել է Ստրեշինսկին: