Մեքսիկացի պատգամավորներն իրենք են ցանկություն հայտնել այցելել Արցախ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլի տեղեկություններին, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մեքսիկային այդ այցի համար:

«Մեքսիկացի գործընկերներին չի էլ հետաքրքրում, որ բողոքի նոտա են հղել: Մեր գործընկերները շատ լավ իմացել են՝ ուր են գնում, մենք Արցախում ունեցել ենք բարձր մակարդակի հանդիպումներ: Ադրբեջանի իշխանությունները որ ասում են՝ պետք է ջանք չխնայել եւ հետաքննություն անցկացնել թե ոնց են հայտնվել Հայաստանում եւ Արցախում, կարիք չկա ջանք խնայելու: Մեքսիկացի պատգամավորները Հայաստան են եկել իմ հրավերով, այդ ընթացքում նրանք ցանկություն են հայտնել լինել Արցախ եւ շատ բարձր տրամադրությամբ վերադարձել են: Նրանք հասկացել են, որ Արցախում զարգանում է որպես ժողովրդավարական, անկախ պետություն եւ ազատության եւ անկախության սկզբունքը Արցախցիների համար անբեկանելի եւ անքննելի է»,- ասաց Շարմազանովը:

Նշենք, որ Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին երկօրյա այցով այցելել էին Արցախի Հանրապետություն: