Վրաստանում շարունակվում է հայահալած քաղաքականությունը: Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Այսօր Ջավախքում ստեղծվել է ստալինա-բերիական ռեժիմ: Զարմանում եմ պարզապես, թե ինչպե՞ս Վրաստանի հովանավոր, ժողովրդավարության ջատագով արեւմտյան երկրները հանդուրժում են Վրաստանի այս կարգի վերաբերմուքն ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ շարունակում են Վրաստանի իշխանություններին համարել ժողովրդավար»-նշեց ջավախքցի պատգամավորը:
Շիրակ Թորոսյանի խոսքով, Վրաստանի կենտրոնական իշխանություններն հայահալած քաղաքականությունն իրականացնում են ուժային կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եղած հայ պաշտոնյանների միջոցով:
Թորոսյանը նաեւ նշեց, որ Վրաստանում շարունակվում է պատվիրված քաղաքական դատավարությունները, որի վառ օրինակը Վահագն Չախալյանի դատավարությունն էր:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների 2010 թվականի զարգացումներին, Թորոսյանն ասաց, որ առանձնակի առաջընթաց չի գրանցվել.
շարունակվում են սահմանի հատման հետ կապված խնդիրները, դպրոցից ազատվում են հայոց լեզվի, գրականության եւ պատմության ուսուցիչներ, կրճատվում են հայերենի ժամաքանակները եւ ավելանում վրացերենինը:





























