Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգեւոր սպասավորների եւ պաշտոնեության համատեղ ժողովը, որը նախագահել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Օրակարգում քննարկման էր դրված երկու հարց. Փոխանորդությունում սպասվող կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ, եւ Սամցխե-Ջավախքում եւ Ծալկայում ծառայող եկեղեցականների եւ աշխատակազմի գործունեությունը՝ ըստ այդ փոփոխություների:
Վազգեն եպիսկոպոսը փոխառաջնորդության հոգեւոր դասին եւ պաշտոնեությանը իրազեկել է, որ այլ ծառայության կոչվելու եւ փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով, Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Սրբազան Հայրը դրական է գնահատել Բաբգէն վարդապետի տասնվեց տարիների ծառայությունը տեղում եւ հույս հայտնել, որ նոր ծառայության վայրում Հոգեշնորհ Հայր Սուրբը Ջավախքում ամբարած փորձով առավել արդյունավետ գործունեություն կծավալի՝ ի շահ Հայոց Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Ժողովի ավարտին Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը իր գնահատանքն ու երախտիքն է հայտնել Թեմակալ Առաջնորդին, հոգեւոր դասին եւ պաշտոնեությանը՝ տարիների համատեղ քրտնաջան ծառայության համար եւ, որպես Մայր Աթոռի միաբան, հավաստիացրել, որ նոր ծառայության վայրում կշարունակի իր հոգեւոր գործունեությունը նույն եռանդով ու նվիրումով:




























