Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին եւ Երեւանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակին, Ստեփանակերտի եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երեւանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա: