Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր՝ հոկտեմբերի 30–ին, Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել ստորագրությամբ երկրից չբացակայելու պայմանով կամ գրավի դիմաց ազատ արձակել։ Դատավոր Արշակ Վարդանյանը միջնորդությունը մերժեց՝ հիմնավորելով, որ Բաբայանը ազատութան մեջ գտնվելով կարող է անօրինական կերպով ազդել դատաքննության ընթացքի վրա։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:




























