ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեսանյութ է հրապարակել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 4 ժամ պատանդառված երեխայի եւ նրա հոր մասնակցությամբ:

«Կարեւորը, հիմա իմ երեխան իմ մոտ է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ երեխային ողջ առոջղ հասցրեցին ինձ, ոստիկանները գործել են համապատասխան: Կաւեորը՝ իմ երեխան առանց վնասվածքի իմ մոտ է»,-նշել է երեխայի հայրը:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում 3-ամյա մեկ երեխայի:

Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով: Փոքրիկն այլայլված էր, լացում էր. նրան հայրն անմիջապես տեղափոխել է հիվանդանոց: Բարեբախտաբար, տղան վնասվածքներ չէր ստացել:

Րոպեներ անց ոստիկանները մգեցված ապակիներով մեքենայով շենքից դուրս են բերել պատանդառուին, այնպես, որ ոչ ոք հնարավորություն չունենա տեսնելու նրա դեմքը:

Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ոստիկանությունն այս տեղեկությունները չի հաստատում, նրանք ասում են միայն, որ տղամարդը անձնական պատճառներ է ունեցել, սակայն չեն մանրամասնում:

Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: