Նախօրեին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի նախկին կինը, որը նույնպես վնասվածքներ էր ստացել, երեկ ուշ երեկոյան ժամը 23-ի սահմաններում տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ 23-ամյա կնոջը տեղափոխելուց անմիջապես հետո միկրովիրաբուժական վիրահատության են ենթարկել՝ աջ դաստակի ամբողջականությունը վերականգնելու նպատակով:

«Բացի այդ, հիվանդի մոտ կրծքավանդակի 5-րդ, 6-րդ կողերի արանքում առկա էր վերք: Կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, վերքի առաջնային մշակում: Եվս մեկ վնասվածք՝ ծնոտի տակը կտրված վերքը նույնպես մշակվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար»,- հայտնեցին հիվանդանոցից:

Նշենք, որ այս պահին կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Տղամարդը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պահում էր 3-ամյա երեխայի: Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով: Րոպեներ անց ոստիկանները մգեցված ապակիներով մեքենայով շենքից դուրս են բերել պատանդառուին, այնպես, որ ոչ ոք հնարավորություն չունենա տեսնելու նրա դեմքը:

Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ոստիկանությունն այս տեղեկությունները չի հաստատում, նրանք ասում են միայն, որ տղամարդն անձնական պատճառներ է ունեցել, սակայն չեն մանրամասնում:

Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: