Ախալքալաքում Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալները բաց նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Սամցխե-Ջավախքում եւ Ծալկայում Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Բաբկեն Սալբիյանին իր պաշտոնում վերականգնելու խնդրանքով, հաղորդում է Jnews.ge-ն:
«Աստված օգնական, Վեհափառ Տեր», -այսպես է սկսվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հավատացյալների Ֆեյսբուք սոցցանցում տարածված նամակը:
Նամակում նշվում է. «ցանկանում ենք մեր մտածումներն ու սրտի խոսքը փոխանցել Ձեզ մեր հոգեւոր կյանքը խաթարող վերջին մտահոգիչ դեպքի կապակցությամբ»:
«Արդեն մի քանի օր է մենք՝ Հայ Եկեղեցու զավակներս, ինչպես նաեւ տարբեր խավի մարդիկ՝ պատգամավորներ, բժիշկներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ, բիզնեսմեններ եւ շարքային քաղաքացիներ, հավատացյալ մարդիկ հոգեկան ցնցումների եւ շփոթմունքի օրեր ենք ապրում մամուլից տեղեկանալով, որ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից: Այն որքան անսպասելի էր մեզ համար, նույնքան էլ անհասկանալի, միեւնույն ժամանակ, վրդովեցուցիչ ու տխրեցնող:
Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն աչքի է ընկնում իր օրինակելի պահվածքով, բարեպաշտությամբ եւ խորը հավատքով: Նրա հետ ունեցած մեր ամեն մի զրույցն ամրապնդում է մեր հավատքը, հարստացնում մեր կրոնական գիտելիքները: Հենց նրան հաջողվեց ամրապնդել եղբայրական ոգին եւ բարեկամությունը հայ-վրացական եկեղեցիների միջեւ» – նշվում է նամակում:
Նամակում նաեւ նշվել է խնդրանք` թողնել Սամցխե-Ջավախքում եւ Ծալկայում Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Բաբկեն Սալբիյանին իր պաշտոնին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանի ողջ թեմն է այսօր մտահոգված մեր հոգեւոր կյանքի խանգարված վիճակով, որ մեր հոգեւոր կյանքի վերաբերյալ հարցերն առանց հոգեւոր հովվի հետ քննարկումների կարող են հանգեցնել բազում հավատացյալ մարդկանց օտարացմանը եկեղեցուց, խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը, այնպիսի վճիռ կայացնել, որը կարողանա բուժել հավատացյալների հոգում առաջացած վերքերը:
Ցանկալի է, որպեսզի նմանօրինակ կարեւոր ժողովին մանակցեին նաեւ մեր հասարակության ներկայացուցիչները, որպեսզի մենք էլ կարողանայինք մեր կարծիքն արտահայտել այս հարցի վերաբերյալ, քանզի այն անմիջապես վերաբերվում է մեզ եւ մեր հոգեւոր կյանքին: Մենք պատրաստ ենք այս հարցի շուրջ տարբեր մակարդակի հանդիպումներ ունենալ, այդ թվում նաեւ Ձեզ հետ: Յուրաքանչյուր որոշում կարծում ենք պիտի լինի թափանցիկ, հաշվի առնելով նաեւ մեր կարծիքը:
Մենք հետագայում էլ պատրաստ ենք կանգնելու եկեղեցու կողքին, եթե եկեղեցին էլ կանգնի մեր կողքին, հաշվի առնի յուրաքանչյուրի կարծիքը: Ուստի մեկ անգամ եւս խնդրում ենք, որ Դուք, որպես բոլոր հայերի հոգեւոր հայր, դրական լուծում տաք Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի հարցին, ինչն էլ կնպաստի, որ հայ հավատացյալն ամուր մնա իր կրոնական համոզմունքների մեջ: Հուսով ենք որ Հայր Սուրբը կշարունակի մնալ մեզ հետ իր օգտակարությունը բերելով հազարավոր հայորդիներին, ինչի կարիքն այսօր անհամեմատ մեծ է ու անգին:
Հուսով ենք, որ չեք անտեսի Հայ Եկեղեցու զավակներիս թախանձանքը, եւ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյան չի հեռանա մեզանից, եւ կնպաստի հազարավոր հայերի հոգեւոր զարգացմանը»:
Ֆեյսբուքում այս հաղորդագրությունը տարածվել է ավելի քան 100 անգամ: Յուրաքանչյուր հրապարակումում Ախալքալաքցիները գրել են իրենց վերաբերմունքը: Շատ մեկնաբանողներ վարդապետին հեռացնելու որոշումը համարում են սխալ եւ միանում են նրան իր պաշտոնին վերականգնելու խնդրանքին:




























